Արման Նուռ
Դիզայներ, քանդակագործ, ոսկերիչ, նկարիչ
Ծնվել է Երևանում, Հայաստանում:
Ստեղծագործական ուղին սկսել է Մանկական գեղագիտական կենտրոնում՝ մասնակցելով խեցեգործության դասընթացների: 1991թ.-ին ընդունվել է Երևանի Թորոս Ռոսլինի Կիրառական Արվեստների Ինստիտուտի Մետաղի մշակման ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է մի շարք ցուցադրությունների: 1994-ին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում արժանացել է «Յուվելիռ 1994» միջազգային ցուցահանդեսի առաջին մրցանակին: 2005-ի «Միս Մոսկվա» գեղեցկության մրցույթի գլխավոր թագի հեղինակն է:
Թորոս Ռոսլինի Կիրառական Արվեստների Ինստիտուտն ավարտելուց հետո նույն հաստատությունում դասավանդել է դիզայն և արվեստի պատմություն, իսկ հետագայում նաև դարձել ինստիտուտի պրոռեկտորը: 1998-ին վերապատրաստվել է Մայամիի Արվեստի և դիզայնի միջազգային համալսարանում:
1999 թվականից Արման Նուռը «Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրենն է: Մեկ տարի անց նա դարձավ Հայաստանի դիզայներների միության և ապա Դիզայներների միջազգային միության անդամ: 2001-ին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում Նուռն արժանացել է «Յուվելիռ 2001» միջազգային ցուցահանդեսի «Ամենալավ ոսկերչական ստեղծագործություն» մրցանակին: Նույն թվականին ունեցավ անհատական ցուցահանդեսներ Երևանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: 2004-ին տեղի ունեցան անհատական ցուցահանդեսներ Երևան, Դյուսելդորֆ, Քյոլն, Բոնն, Բրյուսել, Փարիզ, Վիեննա, Մոսկվա քաղաքներում:
2007-ին Նուռը ստեղծեց «Արատտա» հավաքածուն, որը ներկայացվեց Ռուսաստանի նորաձևության շաբաթվա շրջանակներում Մոսկվայում և արժանացավ Բարձրագույն մրցանակի: 2007-2010 թթ. «Արատտա» հավաքածուն մասնակցել է Մոսկվայի և Թբիլիսիի նորաձևության շաբաթվա բացման արարողությանը, որտեղ Նուռը հանդես եկավ որպես պատվավոր հյուր:
2010-2012 թթ. եղել է Նախագահի երիտասարդական մրցանակի ժուրիի անդամ: 2012 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: 2013-ին Նուռը ստեղծեց 2.5 մետրանոց «Ընթերցողը» բրոնզե հուշարձանը՝ նվիրված Երևանի՝ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն։ Նույն թվականին նրան շնորհվեց ՀՀ նախագահի Մովսես Խորենացի մեդալ:
Երկու տարի անց Երևանում դիզայներ Լիլիթ Մարգարյանի հետ Նուռը ներկայացրեց «Գալերի 100» համատեղ նախագիծ-ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2016-ին Երևանի պատմության թանգարանում Նուռը հանդես եկավ հայ կնոջը նվիրված «ՈՒՀԻ» անհատական ցուցադրությամբ:
2017-ին Իտալիայում Արման Նուռը արժանացավ Ֆլորենցիայի Բիենալեի Լորենցո իլ Մանիֆիկո Ոսկե մեդալի՝ «Ճանճը» նախագծի համար: